Երբեմնի բռնապետ Ալիևն այսօր ԵՄ-ի վստահելի գործընկեր
19.07.2022
Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռման հուշագիր են ստորագրել: բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո Ալիևը հայտարարել է, թե սա Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված երրորդ նմանօրինակ փաստաթուղթն է և Բրյուսելի հետ կյանքի կոչված էներգետիկ ծրագրերն արդեն իսկ լիովին փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը: ալիևի հետ համատեղ ասուլիսում Ֆոն դեր Լայենն էլ իր հերթին հայտարարել է, թե Բրյուսելն էներգիայի հուսալի մատակարարների է դիմում, որոնցից մեկը Ադրբեջանն է, ինչի կապակցությամբ տիկինն իր ուրախությունն է հայտնել:
Տիկին Լայենը նաև ընդգծել է, որ այսօրվա հուշագիրն էլ ավելի է ամրապնդում Բաքու-Բրուսել էներգետիկ գործընկերությունը:
Նախատեսվում է հաջորդ տարի տասներկու մլրդ խմ ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ այսօրվա ութ մլրդ խմ-ի փոխարեն՝ նվազեցնելով կախումը Ռուսաստանից:
Չնայած տիկին նախագահը Ռուսաստանին հայտարարում է "անվստահելի գործընկեր", այնուամենայնիվ, 2021 թ. Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խմ գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը:
Բրյուսելը ծրագրում է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը՝ հասցնելով մինչև 2027 թ. տարեկան առնվազն 20 մլրդ խմ: Իսկ ի՞նչ ռեսուրսներով է Եվրամիությունը պատրաստվում փոխարինել (անվստահելի Ռուսաստանից) հոսող մնացյալ 35 մլրդ պմ գազը: Հավանաբար տիկին Լայենին պետք է հիշեցնել, որ առջևում ձմեռ է, ցրտաշունչ ձմեռ:
Հիշենքք, որ ռուսական գազից հրաժարվելու համաեվրոպական հիստերիան բարձրացավ ռուսական զորքերի՝ Ուկրաինա մտնելուց հետո և կիրառվեց որպես պատժամիջոց: Իսկ արդյո՞ք ԵՄ-ն կհրաժարվի ադրբեջանական գազից, իրենց այսօր հռչակած վստահելի գործընկեր Բաքվին կհայտարարի անվստահելի, եթե հանկարծ, Աստված մի արասցե, Ադրբեջանը ներխուժի Հայաստան: Կարծում եմ՝ ոչ: Ոչ, որովհետև, ոչ վաղ անցյալում, 2 տարի առաջ, 2020 թ.,, երբ Թուրքիայի աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ և վարձկանների ներգրավվմամբ 44 օր Ադրբեջանը ռմբակոծեց փոքրիկ ու անպաշտպան Արցախը, երբ տեղահանվեցին տասնյակ հազարավոր ընտանիքներ, սպանվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, գլխատվեցին անպաշտպան տարեցներ, դիակապտության ենթարկվեցին զինվորների մարմիններ, դաժանաբար սպանվեցին գերի ընկած տասնյակ զինվորներ ու քաղաքացիական անձիք, ԵՄ-ն լուռ էր: Չեղավ որևէ քննադատական խոսք, հասցեական գնահատական, կոշտ արձագանք: Ավելին՝ Այսօր Եվրահանձնաժողովի նախագահը, ով առավոտից երեկո խոսում է մարդու իրավունքներից, վստահելի գործընկեր է համարում Բաքվի բռնապետին: Մեկին, ում ղեքավարությամբ գործող բանակի զինվորների՝ հայ մարդու դեմ կատարած գործողություններն իրենց բնունթով ու նկարագրությամբ ռազմական հանցագործություններ են: նա վստահում է Ալիևին, ով հերոսացնում է քնած հային կացնահարող մարդասպանին:
Սա է Եվրոպայի իրական դեմքը, որը ոմանք տեսնում են, իսկ ոմանք էլ համառորեն հրաժարվում են տեսնել:
Izabela Sultanyan