Վարչապետը չգիտի, թե իր կողմից արվելիք զիջումների վերջնագիծը որն է. Արման Մելիքյան
13.01.20223
Politicaletudes.org-ի հարցերին պատասխանեց Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
Պարոն Մելիքյան, 3 տարվա ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանդես եկավ ոչ առցանց ասուլիսով: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ եք առանձնացրել այդ ասուլիսից:
-Երևի թե ամենակարևոր արձանագրումն այն էր, որ ՀՀ վարչապետը չգիտի, թե իր կողմից արվելիք զիջումների վերջնագիծը որն է: Սա, լավագույն դեպքում, գլոբալ գործընթացների ուղղվածության և դրանց առանցքային դերակատարների իրական նպատակների ու շահերի թերըմբռնման դրսևորում է:
-Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին, իսկ ՀԱՊԿ-ն էլ հայտնում է, որ Հայաստանից նման ծանուցում չի ստացել: Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի այս որոշումը և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ Հայաստան-ՀԱՊԿ, մեծ հաշվով՝ Հայաստան-ՌԴ հարաբերությունների վրա:
-Եթե ճիշտ եմ հիշում, մոտ մեկ տարի առաջ էլ Ղրղզստանը չեղարկեց իր տարածքում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները և դա ռուս-ղրղզական հարաբերությունների տեսանելի վատթարացման չհանգեցրեց ու նաև կազմակերպության արագ կազմաքանդման պատճառ չդարձավ: Չեմ կարծում, որ Հայաստանի մերժումն ավելի խիստ հետևանքների կհանգեցնի: Այլ հարց է, որ ՀԱՊԿ փաստացի անգործունակության խորացմանը զուգահեռ թափ է հավաքում թյուրքախոս պետությունների ռազմական համագործակցությունը և կարճ ժամանակ անց ամուր հիմքերի վրա կարող է դրվել իրենց կողմից ձևավորված ռազմական-ռազմավարական դաշինքը, որի առկայությունն ինքնին անիմաստ կդարձնի ՀԱՊԿ կառույցի գոյությունը: Եթե, իհարկե, ՀԱՊԿ-ն ինքը ևս չտարրալուծվի թյուրքախոսների ռազմական կառույցի գրկում:
-Արդեն 1 ամիսը լրացավ, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Հիմա էլ Արցախը հնարավորություն չունի էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից, ինչն էլ ավելի է խորացնում արդեն առկա ճգնաժամը: Այս ֆոնին էլ Արցախում տեղի են ունենում կադրային փոփոխություններ: Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նոր նշանակումները:
-Նոր նշանակումներն ուշացած են: Դրանք պետք է արվեին նոր պետնախարարի նշանակումից քսան օր հետո, միչդեռ արդեն երեք ամիս է անցել: Երեք ամիս Արցախն ապրել է առանց լիարժեքորեն գործող պետական կառավարման համակարգի: Եթե կառավարության ձևավորումից հետո շատ չանցած շրջափակումը վերացվի, ապա հնարավոր կլինի ասել, որ դա տեղի ունեցավ հենց վերջինիս ջանքերի շնորհիվ, իսկ եթե շրջափակումը շարունակվի, ապա նոր կառավարության վրա դրա համար մեղք բարդելը դժվար կլինի, քանի որ ճգնաժամը սկսվել է դրա ձևավորումից առաջ:
-Փաշինյանն արդեն ոչ մեկ անգամ պնդում է, որ Բերձորի միջանցքի անվտանգության երաշխավորը ռուսական կողմն է, իսկ եթե վերջինս չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել իր պարտավորությունը, հորդորում է դիմել ՄԱԿ՝ մանդատ կամ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր խնդրելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, Արդյո՞ք Հայաստանն անելիք չունի Արցախում:
-Վարչապետ Փաշինյանը, նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը ստորագրելով, Արցախի Հանրապետության մեծագույն մասը հանձնել է Ադրբեջանի վերահսկողությանը, նախկին ԼՂԻՄ-ից մնացած հատվածն էլ թողել է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների բարեխնամ հոգածության տիրույթում:
Izabela Sultanyan