Political Etudes

Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները ուղղված են ընդհանուր առմամբ հայ ժողովրդի դեմ, և այստեղ ես չէի առանձնացնի Արցախն ու Հայաստանը. Ժիրայր Ազիզյան

15.12.2022

Արցախում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և ելքի ուղիների մասին Politicaletudes.org-ը զրուցել է արցախաբնակ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ:

Jirayr Azizyan

—Պարոն Ազիզյան, արդեն երրորդ օրն է կեղծ բնապահպաններ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ, հետևաբար՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհը: Ըստ ձեզ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք և ո՞ւմ են ուղղված նրանց գործողությունները՝ Արցախի՞ն, թե՝ Հայաստանին.

-Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները ուղղված են ընդհանուր առմամբ հայ ժողովրդի դեմ, և այստեղ ես չէի ցանկանա առանձնացնել Արցախն ու Հայաստանը. Ինչ վերաբերում է կոնկրետ նպատակին, ապա այն մեկը չէ, այլ մի քանիսն են: Առաջին հերթին էկոլոգիական խախտումների քողի տակ փորձում են մուտք գործել Կաշենի հանք, ապա վերահսկողություն ստանալ դրա նկատմամբ և, ըստ էության, դրա շահագործումը հանձնել բրիտանական ընկերությանը, որի հետ պայմանավորվել են. Երկրորդ նպատակը ֆիզիկական և հոգեբանական ճնշման միջոցով միջանցքի տարածքում ադրբեջանական անցակետի տեղակայմանը հասնելն է: Երրորդը` Արցախում ապրող 120.000 հայ բնակչության պատանդառմամբ Հայաստանին ստիպել զիջումների գնալ ինչպես ԼՂ -ի, այնպես էլ խաղաղության պայմանագրում կոնկրետ հարցերի վերաբերյալ. Այս առումով պետք է հասկանանք, որ Ադրբեջանը Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ փորձում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի յուրովի մեկնաբանությամբ Հայաստանի սուվերեն տարածքի հաշվին միջանցք ստանալ, որով կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ. ուստի, նպատակներից մեկն էլ հենց սա է։ Չորրորդ խնդիրը կամ նպատակը սադրիչ գործողությունների միջոցով ստիպելն է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դիմի բռնության, որից հետո Բաքուն կօգտագործի դա հակառուսական տրամադրություններ ունեցող միջազգային տերությունների և կառույցների մոտ՝ փորձելով ապալեգիտիմացնել այդ առաքելությունն ու հեռացնել նրանց: Եվ այսպես էլի մի շարք նպատակներ:

-Ադրբեջանցիները չեն բավարարվում Ճանապարհ փակելով, որով Արցախը ստանում է պարեն և դեղորայք, երեկվանից էլ դադարեցրել են գազի մատակարարումը՝ ստեղծելով սուր հումանիտար ճգնաժամ: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Սա ընդամենը սադրանք կամ հումանիտար ճգնաժամ չէ, սա ցեղասպանական գործողություն է, քանի որ ինչպես նշեցիք դա միակ ճանապարհն է, որով Արցախը ստանում է ոչ միայն պարեն և դեղորայք, այն ընդհանուր առմամբ կենսագոյատևման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: Գազամատակարարման հետ կապված: ինչպես հիշում եք, Ադրբեջանը անցած տարի ևս վնասել էր Հայաստանից Արցախ գազատար խողովակը, ապա վնասված հատվածում փական էր տեղադրել և այն փակելով փորձում էր զիջումներ կորզել, մասնավորապես` Քարագլուխ-Խրամորթի առումով: Ինչպես տեսնում ենք, անպատժելիությունն ու միջազգային հանրության լոյալությունը նոր չարիքների պատճառ են դառնում:

-Բերձորի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Ինչո՞ւ նրանց չի հաջողվում բացել ճանապարհը և վերականգնել միջանցքի աշխատանքը:

-Ես նշեցի, որ ադրբեջանական կողմը փորձում է սադրել խաղաղապահներին այդ քվազի էկոլոգների և լրագրողների միջոցով, որպեսզի խաղաղապահները ստիպված դիմեն ֆիզիկական ուժի գործադրմանը: Իսկ դա Բաքուն շահարկելու է Ռուսաստանի դեմ և փորձելու է ցանկացած գնով հասնել այդ առաքելության ժամանակից շուտ դադարեցմանը: Սա հասկանում է նաև ռուսական կողմը, ուստի, խուսափելով ուժի գործադրումից՝ փորձում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով հասնել ճանապարհի վերաբացմանը: Բայց ինչպես տեսնում ենք, առայժմ դրանք արդյունք չեն տալիս:

-Ինչպե՞ս եք գնահատում հայաստանի իշխանությունների ու Արևմուտքի վարքագիծն այս օրերին և ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախը նրանցից:

-Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ անվտանգության խորհրդին, գործարկի բոլոր հնարավոր խողովակները միջազգային դատարանին և ընդհանուր առմամբ բոլոր իրավարար և իրավապաշտպան կազմակերպություններին դիմելու և համարժեք պատասխան պահանջելու առումով:

Մի քանի օր առաջ Հայաստանում անցկացվեց ցեղասպանության կանխարգելման համաշխարհային 4-րդ գիտակոնֆերանսը, իսկ Ադրբեջանը այժմ դիմել է ցեղասպանական գործողությունների:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման հասնելու ակնկալիքներին, ապա դրանք արդարացված չեն: Մանկամտությամբ տառապել պետք չէ: Մենք պետք է հասկանանք, որ Բաքուն հրաժարվում է Արցախի հետ կապված որեւէ հարցով Երևանի հետ բանակցելուց: Իսկ եթե նույնիսկ համաձայնվի, ապա դա լինելու է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի տրամադրման նախապայմանով, ինչը միանշանակ անընդունելի է:

Արևմուտքի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության արձագանքները չափազանց վտանգավոր են, քանի որ դրանք սահմանափակվում են ընդամենը կոչերով, հաճախ նույնիսկ ոչ հասցեագրված, չկան կոնկրետ քայլեր որոնք կարող են զսպել ադրբեջանական վարչակարգի ամբիցիաները: Այդ դեպքում նման լոյալ հայտարարություններն ու կոչերը գործողությունների ազատության առումով Բաքվի համար կանաչ լույսի էֆեկտ կարող են ունենալ:

-Ըստ ձեզ՝ ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից:

-Այդ ճանապարհի անվտանգության ապահովման երաշխավորությունը եռակողմ համաձայնագրով ստանձնել է ռուսական կողմը, բայց ՌԴ նախագահի Բաքու զանգից հետո Ադրբեջանը ոչ միայն շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև զրկում է գազամատակարարումից: Սա խոսում է այն մասին, որ ԼՂ-ում իրավիճակի կառավարման առումով Մոսկվան չի տիրապետում անհրաժեշտ համապատասխան գործիքակազմի: Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ռուսաստանը չունի այն կշիռը, որը կարող է զսպել ադրբեջանական վարչակարգի ամբիցիաներն ու բավարարել իր տարածաշրջանային շահերը: Ուստի, այստեղ առաջնահերթ անհրաժեշտություն է առաջանում ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից գործարկել հստակ միջազգային մեխանիզմներ, որոնք իրապես կարող են ապահովել արցախահայության իրավունքների պաշտպանությունը։

Izabela Sultanyan

🏷