Մինչև տարեվերջ (խաղաղության համաձայնագիր) ստորագրելու մասին ՀՀ ԱԽՔ-ի հայտարարությունից հետո միացվել է Արցախի 31-ամյա անկախությանն վերջ դնելու հետադարձ հաշվարկը. քաղաքագետ
14.10.2022
Politicaletudes.org-ի հարցերին պատասխանեց քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
-Պարոն Մարգարյան, ադրբեջանական զորքը գիտենք, որ մեկ տարուց ավել է գտնվում է ՀՀ-ի տարածքից ներս և պարբերաբար դիմում է սադրանքների ու ագրեսիայի՝ ապահովելով առաջխաղացում: Սրան զուգահեռ խոսվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, որը հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմամբ մտավ գործնական փուլ՝ ընդունվեց հայտարարություն, որով Ալիևն ու Փաշինյանը հանձնառու են ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունըհ և այն պայմանները, որում տեղի են ունենում այս գործընթացները:
-Արդեն պարզ է, որ գործընթացները մեզ մեծ արագությամբ տանում են դեպի, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի ստորագրում: Ինչպես Պրահայի փաստաթղթում նույնպես շեշտվել է ու դա հաստատեց նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, նպատակ կա մինչև տարեվերջ ստորագրել այդ համաձայնագիրը: Բնական է, որ ներկա պայմաններում դա Հայաստանի օգտին որևէ տարր չի պարունակելու և ընդհանուր առմամբ սպասարկելու է ադրբեջանական շահերը: Եթե նկատել եք,որևէ խոսք չկա այն մասին, թե այդ համաձայնագրի ստորագրման համար հայկական կողմը հստակ ինչ պահանջներ ունի, մինչդեռ «հավաստի աղբյուր»-ից արդեն գիտենք ադրբեջանական կողմի պահանջների մասին, որոնք ի դեպ, նորություն չեն և ալիևը դրանք հաճախ հնչեցնում է այլ երկրի ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումների ժամանակ:
Եթե ամփոփենք մեր պահանջները, դրանք երկուսն են՝ ադրբեջանական զինված ուժերի վերադարձը ելման կետեր և պատերազմական գերիների ազատ արձակում:
Մինչ նիկոլ փաշինյանը շարունակ փորձում է հիմնավորել ադրբեջանական կողմի պահանջներին բավարարություն տալու անհրաժեշտությունը, ադրբեջանական կողմը որևէ ճկունություն չի ցուցաբերում մեր պահանջների կապակցությամբ: Հետևաբար, այս գործընթացը դժբախտաբար որևէ դրական արդյունք չի կարող ունենալ մեզ համար:
-Ընդունված հայտարարության մեջ չկա անդրադարձ Արցախի խնդրին, ինչպես և խոստացել էր Փաշինյանը, իսկ Ալիևն էլ հայտարարեց, որ Արցախի հայերն այլևս Ադրբեջանի քաղաքացիներ են և նրանք, ովքեր դեմ են, կարող են ընտրել այլ բնակության վայր: Սրան հաջորդեց Արցախից նախագահի գլխավորությամբ պատվիրակության այցը Երևան՝ հասկանալու, թե ինչէ տեղի ունենում Հայաստանի և Արցախի շուրջ: Որքանո՞վ է լեգիտիմ և աշխարհի համար ընդունելի Ալիևի հայտարարությունը և ըստ ձեզ, ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի և Արցախի շուրջ:
-Այս հարցում, կարծում եմ, առաջին հերթին կարևոր է իմանալ, թե հայկական կողմի դիտանկյունից որքան լեգիտիմ են ալիևի հայտարարությունները, որից էլ խոշոր տոկոսով կախված է լինելու միջազգային հանրության տեսակետը:
Այսօր այլևս որևէ մեկը կասկած չունի, որ հայկական կողմն՝ ի դեմս նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանության, պաշտպանում է կամ առնվազն լռությամբ համաձայն է ադրբեջանական այն թեզին, որ Արցախի ժողովուրդն ադրբեջանի քաղաքացիներ են և հենց այդ շրջագծում էլ պիտի քննարկվի ու կարգավորվի նրանց անվտանգության ու ազատությունների հետ կապված հարցը: Այս մասին արդեն բարձրաձայն խոսում են իշխանական տարբեր շրջանակներ, թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում: Իսկ եթե Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր հրաժարվում է Արցախի ժողովրդի անկախության ու ինքնիշխանության իրավունքից, ի՞նչ ակնկալիք պիտի ունենալ միջազգային շրջանակներից:
-Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ամսով հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին, որի նպատակն է մինչ խաղաղության պայմանագրի քնկումը Հայաստանի ևԱդրբեջանի միջև վստահության գոտու ստեղծումը: Ի՞նչ մեխանիզմներով կամ միջոցներով կարող են այդ դիտորդները զսպել ադրբեջանական կողմի ագրեսիան և ո՞րն է, ըստ ձեզ, այն գիծը, որտեղ տեղակայվելու են նրանք, քանի որ ադրբեջանական զորքերը տասնյակ կիլոմետրերով խրվել են ՀՀ տարածքից ներս:
-Ինչպես հայտարարվել է, այդ առաքելությունը լինելու է քաղաքացիական, այսինքն՝ զինված միջադեպերի դեպքում ուղղակի միջամտության որևէ լծակ չի ունենալու և հաստատված է լինելու Հայաստանի կողմում ու զբաղվելու է մոնիտորինգային աշխատանքով: Նման պայմաններում նրանց գնահատականները լինելու են անատամ՝ հայտարարությունների տեսքով, որոնք վերջին շրջանում որևէ կերպով չեն սանձում ադրբեջանին:
Օրինակ, վերջին շաբաթների ընթացքում հրապարակվեց հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունը: Բոլորը միաձայն դատապարտեցին այդ արարքը, բայց դրանց չհաջորդեցին որևէ գործնական քայլեր, որորնց արդյունքում ադրբեջանը շարունակում է իր սանձարձակությունները: Նույնն է լինելու նաև քաղաքացիական այդ առաքելության և նրանց գնահատականների դեպքում:
Առայժմ միակ կառույցը, որ ունի ադրբեջանական ոտնձգություններին արձագանքելու միջոց, դա ՀԱՊԿ-ն ու ռուս խաղաղապահ ուժերն են, որոնք էլ նիկոլ փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում լիարժեքորեն չեն կատարում իրենց առջև դրված առաքելությունը:
Իմ համոզմամբ՝ եվրոպական քաղաքացիական առաքելությանը Հայաստան բերելով՝ նիկոլ փաշինյանը փորձում է ռուսական կողմին պարտադրել, որպեսզի առավել կտրուկ քայլերի դիմի: Թեև դա տեսականորեն կարող է իրավիճակը փոխել, բայց և կարող է նաև հակառակ ազդեցություն ունենալ՝ խորացնելով Հայաստանի իշխանությունների անկեղծության հանդեպ ռուսական կողմի վստահությունը, որից բնականաբար մենք չենք շահելու:
-Ի վերջո, ո՞ւր է գնում Հայաստանը և Ո՞ւր է տանում Արցախին:
-Մինչև տարեվերջ (խաղաղության համաձայնագիր) ստորագրելու մասին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի կատարած հայտարարությունից հետո միացվել է Արցախի 31-ամյա անկախությանն ու ինքնիշխանությանը վերջ դնելու հետադարձ հաշվարկը: (Խաղաղության համաձայնագրի) ստորագրումով Հայաստանը պաշտոնապես ճանաչելու է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Այդ պահից հետո Արցախը կորցնելու է իր անվտանգության միակ երաշխավորը համարվող Հայաստանին ու պարտավոր է լինելու հաշվի նստել ու իր անվտանգության ու ազատությունների հարցով բանակցել ադրբեջանի հետ, որն ընդհանրապես չի ճանաչում նրա ինքնիշխանության իրավունքը: Կարելի է ենթադրել, որ խաղաղության այդ համաձայնագրով ու սահմանագծման արդյունքում մենք ոչնչի դիմաց նաև ունենալու ենք տարածքային կորուստներ: Պատմությունից դասեր քաղելով կասկած չկա, որ ադրբեջանի ու թուրքիայի ներկայությամբ մեր ժողովրդի համար խաղաղության դարաշրջան չի բացվելու: Դա լինելու է Հայաստանի գաղութացման դարաշրջանը: Կրկնում եմ, մենք ունենք ընդամենը 2,5 ամիս ժամանակ` իրավիճակը շտկելու կամ առնվազն դրա ընթացքը կասեցնելու համար: Դրանից հետո մենք մտնելու ենք գործընթացների մի փուլ, որը լինելու է անվերադառնալի:
Izabela Sultanyan