Political Etudes

Ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի անվտանգության տեսանկյունից վտանգավոր է արտաքին քաղաքական վեկտորը կտրուկ փոխելը. միջազգայնագետ

27.09.2022

Politicaletudes.org-ի հարցերին պատասխանեց միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Անդրանիկ Հովհաննիսյանը:

-Սեպտեմբերի 13--ին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հաջորդեց Նենսի Պելոսիի այցը Հայաստան: Նա, կարծես թե , տեղի ունեցածը կոչեց իրենց անուններով: Եղավ հասցեական դատապարտում արևմտյան տարբեր պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի: Այնուհետև տեղի ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլիայի 77-րդ նստաշրջանը, որին հետևեցին հայկական պատվիրակության հանդիխումները արևմտյան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ՝ Բլինքեն, Միշել, Գութերեշ և այլն: Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ գործընթացներ են ընթանում Հայաստանի շուրջ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը:

-Ես այն կարծիքին եմ, որ խոսքերին անպայման պետք է հաջորդեն գործողությունները։ Ցավոք, մինչ օրս ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ մշտական ​​երկրների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել։ Միայն վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունը հրահրել է երեք խոշոր պատերազմ Արցախի Հանրապետության դեմ, ինչպես նաև տասնյակ ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ՝ տարածաշրջանում բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով։ Ինչո՞ւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում։ Սա հանցավոր անգործություն է միջազգային հանրության կողմից, որը նոր հակամարտությունների տեղիք է տալիս ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Միջազգային ասպարեզում առկա գործընթացները վկայում են նրա մասին, որ աշխարհում ինտենսիվ տեմպերով ձևավորվում է նոր աշխարհակարգ, որում գերիշխող որևէ պետություն չի լինելու։ Իհարկե, Հայաստանն ու Արցախը չեն կարող անմասն մնալ ներկա գործընթացներից, ուստի չափազանց կարևոր է ելնել բացառապես տարածաշրջանում հաստատված իրողություններից՝

մեր առաջատար ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, իսկ հիմնական գործընկերներից մեկը՝ հարևան Իրանը։ Հայկական պետության հիմնարար շահերն այս պահին համընկնում են այդ պետությունների հետ։ Պետք է հստակ գիտակցել, որ ստեղծված լարված իրավիճակում հայկական պետության, այդ թվում՝ Արցախի Հանրապետության անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր է արտաքին քաղաքական վեկտորը կտրուկ փոխելը կամ ուժի առաջատար կենտրոնների միջև անհեթեթ մանևրելու փորձեր իրականացնելը։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները միտումնավոր կամ անգիտակցաբար մտադիր են կրկնել 20-րդ դարի սկզբին ՀՀ իշխանությունների կողմից թույլ տված ճակատագրական սխալները։

-ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հարց ուղղեց Ալիևին. (Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունըմիջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եթե այո,) մենք կարող ենք սկսել (խաղաղության) պայմանագրի կնքումը: Նուն հարցադրմամբ նա հանդես է եկել թվիթերյան գրառմամբ և ափսոսանք հայտնել, որ մինչ այժմ դրական պատասխան չկա և հարց հնչեցրել՝ ինչո՞ւ Ալիևը չի արձագանքում Փաշինյանի հարցին, ի՞նչ է ուզում սրանով ասել Փաշինյանը: Արդյո՞ք այս հարցն ուղղված է միայն Ալիևին:

-Այս հարցով Հայաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին, որում բավականին հստակ իր պատրաստակամությունն է հայտնում ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Սակայն, տեսնելով Հայաստանի ներկայիս ռեժիմի թուլությունը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից և Հայաստանից, Արցախից բացի, ստանալ նաև միջանցքի ապահովումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելը և հայկական պետության զինված ուժերի փաստացի լուծարումը։

-Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիայի վերաբերյալ Ռուսաստանի՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի ոչ բավարար արձագանքը խիստ դժգոհություն ու հիասթափություն առաջացրեց հայ ժողովրդի մոտ: Եվ այսպես, ռուսական կողմի պահվածքից հիասթափված և Փելոսիի այցով ոգևվորված ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով մարդիկ դուրս եկան փողոց: Ի՞նչ է արժենալու մեզ ՀԱՊԿ-ից դուրս գալը և ինչո՞ւ մնալ այդ կառույցում, եթե այն անհրաժեշտության դեպքում չի գործելու:

-Մեր առանցքային դաշնակցի դիրքորոշումն իսկապես արդար վրդովմունք է առաջացնում բոլորիս մոտ, սակայն ստեղծված իրավիճակում հույզերի վրա հիմնված որոշումներ կայացնելը չափազանց վտանգավոր է հայկական պետության անվտանգության համար։ Օրինակ, կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի գլխավորած դաշինքի աշխարհաքաղաքական դիմակայության սուր փուլի ընթացքում Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալը մեզ ի՞նչ է տալու։ Իհարկե, ՀԱՊԿ-ը թերություններով լի կառույց է, բայց այս պահին այնտեղից հեռանալը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան դրական լուծումներ տալ։ Նախքան ճակատագրական որոշումներ կայացնելը, անհրաժեշտ է վերլուծել բոլոր հնարավոր հետևանքները, ինչը համոզված եմ այս իշխանությունների կողմից չի արվում։

-Եվ վերջում, պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ ձեր կարծիքը հայտնեք Հայաստանի կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցության երկու անդամների Թուրքիային հանձնելու սկանդալային դրվագի մասին: Այս կապակցությամբ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում խիստ քննադատում է Հայաստանին՝ նշելով, որ այդ արարքով Հայաստանը խախտում է իր և միջազգային օրենքները:

-Բավականին մութ պատմություն է, քանի որ ՀՀ իշխանությունները լռում են կատարվածի մասին, իսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչները սլաքներ են գցում միմյանց ուղղությամբ։

Այսպես թե այնպես, այս միջադեպը հարված կհասցնի Հայաստանի իմիջին միջազգային ասպարեզում և կնվազեցնի վստահությունը մեր երկրի հանդեպ մեր պոտենցիալ դաշնակիցների կողմից։

Գուցե՞ սա «դրական ազդանշան» է Հայաստանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Izabela Sultanyan

🏷