Ակադեմիական քաղաքի առաջարկը կասկածահարույց է և բոլորովին ազգամետ չէ. Ն. Դիլբարյան
08.09.2022
Politicaletudes.org-ի հարցերին պատասխանել է ԵՊՀ դասախոս, Բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը:
-Նիկոլ Փաշինյանը կրկին շրջանառության մեջ դրեց ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը և ներկայացրեց դրա անհրաժեշտությունը: Նա հայտարարեց, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Աշտարակում, ուր տեղափոխվելու են առավելագույնը 8 խոշորացված բուհ: Նշեմ, որ ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը նոր չէ, դրա մասին խոսվել է տարիներ առաջ և այն ժամանակ որպես տեղանք դիտարկվում էր Գյումրին: Տիկին Դիլբարյան, նախ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս ծրագրին, որքանո՞վ է նպատակահարմար խոսել համալսարանները կենտրոնացնել մեկ վայրում և արդյո՞ք հիմա նման նախագծի մասին խոսելու ժամանակն է, երբ երկիրը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ:
-Շնորհակալ եմ, որ հիշեցրիք, որ այս հարցը բնավ նոր չէ և սրա շուրջ նախկինում ևս քննարկումներ ծավալվել են: Բայց կարևորը ոչ թե ինքնին գաղափարն է, այլ այն իրականացման տեղը, ժամանակը և ամենակարևորը՝ գործող անձիք:
Նախ անդրադառնամ տեղին: Ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստանն այնքան մեծ տարածքներ ունեցող երկիր չէ, որ անհանգստանանք և մտածենք ուսանողներին և գիտնական դասախոսներին մեկ տեղ կենտրոնացնելու մասին: Իրականում Երևանն իրոք ծանրաբեռնված է, մարզային քաղաքների համեմատ, սակայն խնդիրը ոչ թե Երևանամետ ուսանողներն են, այլ աշխատատեղերի առկայությունը, կրթագիտական միջազգային կապերի հեռանկարները: Երկրորդ հանգամանքը՝ ժամանակը: Այսօր Հայաստանը երկարաժամկետ և կարճաժամկետ առումով ունի մեկ գերխնդիր՝ իր անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովումը նպատադիր թշնամու նկրտումներից, որը ենթադրում է բանակի և ազգային անվտանգության պաշտպանական համակարգերի ստեղծումը և այն տարրական պայմանների ապահովումը, որոնց դեպքում մեր զինվորականները չեն այրվի վառարանի կայծից կամ գազի բալոնի պայթյունից, մեր օդը փակված կլինի ոսոխի հրթիռներից: Այսինքն, ժամանակը ևս բոլորովին չի նպաստում կրթական համակարգի տեղաշարժ-տեղափոխության խնդիրներով զբաղվելուն: Երրորդը՝ գործող անձիք: Ուզում եմ հիշեցնել, որ գործող կառավարությունը որոշում էր կայացրել 157 մլրդ դրամի շինարարություն կատարել: Այդ շինարարությունը թերակատարվեց՝ իրականացվեց 7-98 մլրդ-ի շինարարություն, այսինքն՝ անավարտ մնացին նախագծված դպրոցները, մանկապարտեզները և մնացյալ տիպի պետական շինարարական ծրագրերը: Եթե կատարողները թերակատարում են իրենց գործը ներկայում, ի՞նչ ակնկալել իրենցից ապագայում:
Ենթադրյալ ակադեմիական քաղաքը պահանջում է շատ մեծ ենթակառուցվածքներ, ոչ՝ Աշտարակը, ոչ՝ մեկ այլ մարզային քաղաք ակադեմիականի անգամ ամենաստորին շեմին ենթակառուցվածքներով չի համապատասխանում: Ստացվում է՝ մենք ունենք զրոյական իրավիճակ, իսկ զրոյից սկսելու մտայնությունը և պահպանողականության արհամարհումը, որը հանրության անվտանգության լավագույն երաշխիքներից է, հանգեցնելու է նոր կորուստների:
Կարևոր է շեշտել նաև այն հանգամանքը, որ կյանքի փորձ չունեցող պատանիներին տարբեր վայրերից և ընտանիքներից մեկ վայրում կենտրոնացնելը ինքնաբերաբար կբերի հասարակական կարգի պահպանման բարդագույն խնդիրների: Բացառված չեն լարվածության բռնկումները, թմրանյութերի կենտրոնացված տարածումը և այլն: Ակնհայտ է, որ սա կրթական համակարգի անկայունության, երիտասարդության ապակողմնորշման և գիտական ներուժի փոշիացման միտված գործընթացի սկիզբ կարող է լինել:
Իրականում նշյալ ծրագրի քննարկումը մեզ շեղում է հիմնական խնդիրների քննարկումից: Անկախ շեշտադրումներից՝ մենք կարող էինք այս պահի համար շատ ավելի վճռորոշ և իրատեսական հարցեր քննարկել: Փաստացի առաջարկը կասկածահարույց է և բոլորովին պետականաշահ ու ազգամետ չէ: Նման տեղաշարժ-տեղափոխության փոխարեն՝ անհրաժեշտ է ուժեղացնել մարզային բուհերը: Ես կարծում եմ՝ մարզային բուհերի հանդեպ պետք է հատուկ քաղաքականություն վարել, ոչ թե արագ-արագ փակել: Պետք է միջոցներ և ջանքեր ներդնել, որ Շիրակի մարզի աշակերտները ընդունվեն տեղի համալսարան, Լուռու մարզի սովորողները՝ Վանաձորի, Սյունիքինը՝ Գորիսի, Տավուշինը՝ Իջևանի, և այդպես հետևողական զարգացնենք մարզերը, գիտությունն ու տնտեսությունը: Հայաստանը ժամանակին ունեցել է տարածաշրջանային բարձրորակ կրթություն, և այնպես չէ, որ Երևանը եղել է միակ գիտակղզյակը, հիմա էլ Փաշինյանը եկել է փրկելու, կրթության լույսը Երևանից Աշտարակ տանելու: Մենք բազմաթիվ լավ համալսարաններ ունենք մեր մարզերում, որոնք այժմ գուցե խոնարհված են, բայց, ներեցեք, ողջ պետությունն է խոնարհված, ազգն ել՝ մտամոլոր:
-Ձեր տեսակետը պարզ է, սակայն կա ևս մեկ խնդիր որին ևս կուզեի անդրադառնայիք: Նույն կառավարության նիստում Փաշինյանը խոսեց բուհերի անարդյունավետ աշխատանքի մասին, այն մասին, որ կան բուհեր, որոնք ուղղակի դիպլոմներ են վաճառում և կան ֆակուլտետներ, օրինակ, քիմիա, ֆիզիկա, դիմորդներ չունենալու պատճառով փակվում են և կան ֆակուլտետներ, որոնց հանդեպ դիմորդների հետաքրքրությունը նվազագույն է: Նշեմ, որ դպրոցներում ևս ունենք մի շարք առարկաների գծով ուսուցիչների ճգնաժամ: Արդյո՞ք սա ևս ազգային անվտանգության խնդիր չէ:
-Միանշանակ: Կառավարության միակ ճիշտ արձանագրումն այն է, որ մեր բուհերը լուրջ ճգնաժամ են ապրում, բայց այդ բարդ իրավիճակը սերտորեն կապված և պայմանավորված է պետության ընդհանուր համակարգային ճգնաժամով: Կրթական ենթահամակարգում դպրոցները, միջին մասնագիտական կրթությունը և բարձրագույն կրթությունը փոխկապակցված են: Չի կարող մեկ օղակը լինել անկումային իրավիճակում, մյուսը՝ վերելքում: Այո՛, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի գծով անկում ենք ապրում, բայց հավելենք՝ պատմության, հայոց լեզվի և գրականության, տարրական դասարանի ուսուցիչների խիստ պակաս ևս առկա է: Դպրոցների տնօրենները չեն կարողանում գտնել հատկապես տարրական դասարանների դասվարների, որոնք կբավարարեն նվազագույն պայմանները: Սա նշանակում է, որ կառավարությունը գոնե տարվա սկզբին, երբ ծրագրում էին, թե քանի տեղ է հատկացվելու տարբեր բուհերին, այս մասնագիտությունների գծով պետք էր սահմանեին ոլորտը խթանող արտոնություններ: Այդպիսի խթաններից կարող են լինել տվյալ ֆակուլտետում ընդունվողների ուսման վարձի ընդգծված զեղչը, ավարտելուց հետո արժանապատիվ վարձատրությամբ աշխատանքի երաշխավորումը, հիփոթեքային և այլ կարգի վարկերի արտոնյալ պայմանները, բնակարանային ապահովումը: Ընդ որում, արտոնությունները պետք է նախատեսվեն հատկապես սահմանամերձ ռազմավարական մարզերի բնակավայրերում ապրող ուսանողների համար, որպեսզի նրանք շահագրգռված լինեն վերադառնալ հայրենի գյուղեր և քաղաքներ: Ուսանողների համար հարկ է ապահովել աշխատանքի հեռանկար, ավաղ, մեր կրթական շուկան չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Ունենք մի իրավիճակ, երբ մարդիկ մի մասնագիտություն ստանում են, բայց աշխատում են բոլորովին այլ ուղղությամբ:
Լուրջ ճգնաժամ է առկա նաև մագիստրոսական կրթական համակարգում, մագիստրոսները չեն տեսնում իրենց առջև բացվող նոր ուղիները, մագիստրոսի աստիճան ունենալու հնարավոր առավելությունները: Այս ճգնաժամը հաղթահարելը դժվար չէ. բարձր որակավորման աշխատանքի համար պետք է պահանջել բարձր որակավորման կրթական աստիճան:
Հայաստանում ավագանի կամ պատգամավոր կարող են դառնալ մարդիկ, որոնք չունեն տարրական բակալավրի աստիճան և դրանով անգամ հպարտանում են: Սա նշանակում է՝ մենք չունենք չափորոշիչներ, թե ինչպիսի կրթական ցենզ ունեցող անձը կարող է դառնալ պատգամավոր, ավագանի, նախարար, վարչապետ: Այս ամենը հանգեցնում է կրթական ենթահամակարգի խոր ճգնաժամային անկման:
Մյուս զարհուրելի խնդիրը, որը մենք համառորեն չենք լուծում տարիներ շարունակ, այն է, որ Հայաստանը չունի ազգային անվտանգության հայաստանյան մասնագետներ պատրաստելու ոչ մի կրթական հաստատություն՝ ո՛չ միջին մասնագիտական, ո՛չ բարձրագույն: Ժամանակին Վազգեն Սարգսյանը կարողացավ ստեղծել ռազմական համալսարանը և ավիացիոն ինստիտուտը, բայց այդպես էլ չունեցանք ազգային անվտանգության մասնագետներ պատրաստելու ուսումնական հաստատություն: Արդյունքում ունենք մեծագույն ճեղքեր անվտանգության համակարգում: Մեր մասնագետները պատրաստվում են այլ պետություններում և, բնականաբար, դառնում են այդ պետությունների ենթագիտակցական, հաճախ էլ գիտակցական, ազդեցության կրողները: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է համապատասխան կառույցներում բացակայում հայրենատիրությունը կամ գլխավորը՝ ազգային-պետականը երկրորդականից տարբերակելու ունակությունը:
Այո՛, կրթական համակարգն ունի բազմաթիվ թերություններ, որոնց հիմնական պատճառը պետական անարդյունավետ կառավարումն է: Պետականորեն անհրաժեշտ է ճիշտ պլանավորել, թե մեզ քանի՞ տնտեսագետ է պետք, քանի՞ հայոց լեզվի և պատմության ուսուցիչ, քանի ֆիզիկոս, ճարտարագետ, բժիշկ, այնուհետև ստեղծել ամուր երաշխիքներ, որ այդ մարդիկ ավարտելուց հետո աշխատանք ունենան, մրցակցային պայմաններում ձգտեն իրենց կրթական աստիճանի հետագա բարձրացման:
-Շատ խիստ է դրված նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցը: «Եթե ուսուցիչը չի ատեստավորվում, ուրեմն նա ուսուցիչ աշխատելու ցանկություն չունի»,- ասաց Փաշինյանը: Դուք ինչպե՞ս եք գնահատում առկա պայմաններում ուսուցիչների առջև նման խնդիր դնելը և առհասարակ, կրթությամբ ու գիտությամբ զբաղվողների համար ինչպիսի՞ պայմաններ են ստեղծված Հայաստանում:
-Ատեստավորումն ինքնին ճիշտ գործընթաց է, որը ստիպում է տվյալ առարկան դասավանդողին իր մակարդակը բարձրացնել և առաջընթացիկ աշխատանք կատարել, սակայն դա պետք է իրականացվի միջազգային այնպիսի չափանիշերով, որոնք կհամապատասխանեն հայկական միջավայրին և հաշվի կառնեն բնագավառների ներքին յուրահատկությունները: Օրինակ՝ պահանջում են, որ դասախոսը, գիտնականը Սկոպուս համակարգի բարձր վարկանշային հանդեսներում գիտական հոդվածներ տպագրի: Առաջին հայացքից արդար պահանջ է, բայց ներկա պահին հայագիտությունը հայտնվում է ծայրահեղ ոչ շահեկան վիճակում, որովհետև նման համակարգերի հանդեսներն ինքնին շահագրգռված չեն տպագրել հայագիտական ուղղվածության նյութեր: Հայագիտությունը միջազգային հարթակներում պահանջարկված դարձնելու համար անհրաժեշտ է պետական մշակված քաղաքականություն, նպատակային ներդրումներ, այստեղ անհատների ջանքերը նվազ արդյունավետ են: Պետությունը պետք է աջակցի, ջանքեր գործադրի, որպեսզի հայոց պատմության, հայոց ազգագրության, հայոց լեզվի պատմության տարբեր շրջաններին վերաբերող հոդվածները լույս տեսնեն: Ես հետևում եմ այս ուղղությամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը և տեսնում եմ, որ նրանք անընդհատ թարգմանում են իրենց բազմաթիվ հեղինակների, գիտնականների աշխատանքները տարբեր եվրոպական, ասիական լեզուներով, համակարգված առաջ մղում դրանք, պետական աջակցությամբ միջազգային ասպարեզը հեղեղում են կեղծ, իրականությունը նենգափոխող, հակահայկական, հակապատմական նյութերով, որոնք իրենց մեծաքանակության և հանրահռչակման շնորհիվ դառնում են ճանաչելի, Որքան քանակն ավելանում է, այնքան ճշմարտանման լինելը երաշխավորվում է:
Մեզ մոտ ոչ միայն գործնականում չեն խրախուսում գիտնականներին՝ մասնակցել միջազգային գիտաժողովներին, թարգմանել իրենց աշխատությունները օտար լեզուներով, հանրահռչակել դրանք, տարածել, այլ ընդհակառակը, ցածր աշխատավարձով և ժամերի ծանրաբեռնվածությամբ մղում են անհաղորդության:
Այսպիսով,ատեստավորման գործընթացը մեզանում հաճախ ձևական միջոցառում է, որտեղ բովանդակային բաղադրիչը թերագնահատված է, անչառությունը՝ երկրորդային:
Կրթական ոլորտում ներդրումները պետք է լինեն երկարաժամկետ և հիմնավոր: Եթե երկարաժամկետ ներդրումներ չեն արվում, և միայն ձևականորեն առաջ է քաշվում պահանջների մի անիրատեսական ցանկ, ուրեմն միտում կա այդ ասպարեզը կազմաքանդելու:
Միայն այն պետությունը կարող է ազգային արդյունավետ պետություն դառնալ, որտեղ ուսուցիչը և դասախոսը արժանապատիվ աշխատավարձ են ստանում՝ ծավալելով նվիրյալ, նպատակասլաց մասնագիտական գործունեություն: Կրթական ոլորտը նվիրյալների ոլորտ է: Նվիրյալներ գտնելը դժվար է, բայց եղած նվիրյալներին պահելն առավել մեծ առաքելություն է: Այստեղ ուզում եմ հիշել Առաջին Հանրապետությունը, որն ահավոր ծանր օրեր է վերապրել, շատ ավելի դժնի, քան մենք այժմ, սակայն Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Նիկոլ Աղբալյանի և այլոց գլխավորությամբ ավերակների մեջ, պատերազմից ու ցեղասպանությունից դեռ ոտքի չկանգնած, ձեռնարկեցին Հայաստանի պետական համալսարանի ստեղծումը: Աշխարհի բոլոր անկյուններից հրավիրեցին հայազգի լավագույն մասնագետներին, տրամադրեցին օրապահիկ և օթևան, ամենակարևորը՝ սրբազան նպատակ, լուսավոր գալիքի հեռանկար: Այո՛, պայմանները խեղճ էին, սուղ, բայց կար Հայոց միացյալ, անկախ պետականության հզոր տեսլականը: Եթե դնում ես ազգային մեծ նպատակներ և ողջամիտ քայլեր ես ձեռնարկում, անգամ ամենավատ իրավիճակում հաջողությունը և նախախնամությունը քեզ զորավիգ են:
Izabela Sultanyan