Political Etudes

ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

30.06.2022

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հաղորդում է. (Չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնություն տրամադրելու համար)։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով՝ Բայդենի որոշումը «կանաչ լույս» է Ադրբեջանի համար և քաջալերում է Ալիևին շարունակել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ոտնձգությունները, անօրինական պահել հայ ռազմագերիներին.

Հանձնախումբը հայտնում է, որ նախագահ Բայդենը մինչև պաշտոնավարումը ստանձնելը՝ 2020թ․ հոկտեմբերի 14-ին, հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Սակայն, առաջին անգամ Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած արյունալի պատերազմից հետո:

907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել «Ազատության աջակցության ակտի մասին» 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից։ Այս հնարավորությունից ամերիկյան նախագահներն ամեն տարի օգտվում են.

Izabela Sultanyan

🏷