Չկա կրթություն, չկա պետություն
22.06.2022
Հայաստանյան իրականության մեջ խնդիրների պակաս չկա: Ամեն օր դրանց ավելանում են նորերը, իսկ արդեն եղածներն ավելի են խորանում: Բոլոր ոլորտները հետևողականորեն տարվում է քայքայման և ոչնչացման, փոխարենը զարգանում է սիթքոմությունն ու շոումենությունը:
Այսօր շատ է խոսվում բանակի՝ որպես պետության անվտանգության կարևոր բաղադրիչի մասին: 44-օրյա պատերազմից հետո երբեմնի հայ ազգի հպարտություն հանդիսացող Հայոց բանակը դարձավ աննախադեպ թույլ, իսկ երկրի սահմանները՝ ծայրահեղ վտանգված:
Պետության ու պետականության պահպանման համար ոչ պակաս կենսական ու անվտանգային կարևորություն ունի նաև կրթությունն ու գիտությունը, որի մասին խոսելիս և ոլորտում առկա խնդիրները մատնանշելիս անտեսվում է նրա՝ որպես անվտանգային բաղադրիչ լինելու հանգամանքը: Իսկ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, պատճառները բացահայտված, իսկ կանխատեսումները՝ ոչ հուսադրող:
(Մեր կրթական համակարգի գլխավոր խնդիրը ուսուցիչների պակասի հարցն է),- ասում է կրթության ոլորտի փորձագետը և ահազանգում, որ ուսուցիչների թիվը գահավիժում է ոչ թե տարիների, այլ ամիսների ընթացքում: Թե ինչպես կարելի լուծել այս խնդիրը, փորձագետը դժվարանում է պատկերացնել: (Սա ֆիզիկական կամ գյուղատնտեսական աշխատանք չէ, որպեսզի դրսից աշխատուժ բերենք:Սա աշխատանքի մի տեսակ է, որտեղ մենք հիմնվելու ենք բացառապես ներքին, հայկական ռեսուրսի վրա և չենք կարող այլ երկրներից ուսուցիչներ բերել Հայաստան),- ասում է փորձագետը: Նրա խոսքով՝ վերջին 1 տարում մենք ունեցել ենք ուսուցիչների թվի աննախադեպ նվազում: (Տարիներ առաջ իրականացրել ենք ուսուցիչների օպտիմալացում, սակայն դա եղել է պլանավորված կրճատում: Հիմա պետությունը չի իրականացրել ուսուցիչների կրճատում, բայց 1 ուսումնական տարում 877 -ով նվազել է ուսուցիչների թիվը):
Ստեղծված իրավիճակի համար փորձագետը դիտարկում է 2 հիմնական պատճառներ. առաջին՝ մանկավարժական բուհերում ընդունվեղների թվի կտրուկ նվազում, երկրորդ՝ շատերը, մասնավորապես՝ երիտասարդները չեն ցանկանում մնալ դպրոցներում:
Սահմռկեցուցիչ պատկեր է Շիրակում և Վանաձորում: (Շիրակի պետական համալսարանում և Վանաձորի համալսարանում այս տարի մաթեմատիկա առարկայի համար դիմորդների թիվը 0 է, իսկ ֆիզիկան և քիմիան վաղուց արդեն փակվել են),- ,- նշեց նա:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում իրավիճակը ևս հուսադրող չէ: Փորձագետի փոխանցմամբ՝ ԵՊՄՀ-ում մաթեմատիկայի գծով անցյալ տարի ունեցել ենք 31 դիմորդ, իսկ այս տարի՝ 11, մինչդեռ, տարեկան հայաստանին պետք է մոտավորապես 100-120 մաթեմատիկայի ուսուցիչ:
Անհետացող առարկաների ցուցակն այսքանով չի սահմանափակվում: Փորձագետի փոխանցմամբ՝ ԵՊՄՀ աշխարհագրության ֆակուլտետ կա 5 դիմորդ, մի քանի հոգի ավել էլ դիմել են ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետ: ԵՊՄՀ-ում Գերմաներենի բաժին կա 3, Ֆրանսերենի բաժին 0, կենսաբանության ֆակուլտետ ընդամենը 15 դիմորդ: Իսկ այս սակավաթիվ դիմորդներից քանիսը կընդունվեն, դեռ անհայտ է,իսկ թե քանիսը կդառնան ուսուցիչ՝ մեծ հարցական:
Իսկ ի՞նչ պատկեր ունենք ներկայումս աշխատող ուսուցիչների շրջանում: (Հայաստանի ուսուցիչների 12 տոկոսը 65 տարեկանից բարձր են: Եթե 5 տարի առաջ նրանց թիվը մոտավորապես 1700 էր, հիմա այդ թիվը 3500-ից ավել է),- ասում է փորձագետը և նշում, որ այդ ուսուցիչներից որոշներն է այլևս չեն ցանկանում աշխատել:
Այս տվյալները խիստ մտահոգիչ են և ուղիղ խոսում են այն մասին, որ շատ մոտ ապագայում քննարկման է դրվելու մի շարք առարկաների՝ ուղղակի ուսումնական ծրագրից հանելու հարցը. չկա ուսուցիչ, չկա առարկա: Համալսարաններում կփակվեն ֆակուլտետներ, ինչպես արդեն փակվել է քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետները, իսկ առանց այն էլ մի կերպ գոյատևող գիտությունը՝ կմահանա: Գաղտնիք չէ, որ գիտությունը պետության հիմնաքարերից է, նրա ուղեղի թթվածինը, առանց որի պետությունը չի կարող ոչ՝ զարգանալ, ոչ՝ հեռանկար ունենալ:
Այսպիսով՝ հանրակրթական հաստատություններում ուսուցիչների սակավության, համալսարաններում բնագիտական առարկաների նկատմամբ պահանջարկի բացակայության, մարզերում ֆակուլտետների փակվելու հանգամանքը ստեղծում է մասնագետների ճգնաժամ դպրոցներում, անհնարին է դարձնում ապագա գիտնականների պատրաստումը, սպանում է գիտական միտքը: Իսկ որպես հետևանք՝ առաջանում է արտագաղթի նոր մեծ ալիք, հասարակությունը մտնում է բարոյալքման նոր՝ վտանգավոր փուլ՝ դառնալով բարենպաստ՝ հանցագործ տարրերի ձևավորման համար: Սա խոսում է ոչ այլ ինչ, քան ազգային անվտանգությանը սպառնացող, պետության հիմքերը քայքայող վտանգի մասին:
Իսկ ի՞նչ է կառավարությունն ու պատասխանատու գերատեսչությունը՝ սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Ինչպե՞ս և ի՞նչ ռեսուրսներով է հաղթահարելու դպրոցներում առաջացած ճգնաժամը: Ի՞նչ մեխանիզմներ է մշակում՝ դիմորդների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար: Ի վերջո, Հայաստանում գիտությունը կրկին հրապուրիչ դարձնելու համար ԿԳՄՍ նախարարությունն ի՞նչ ռազմավարություն է մշակում, եթե մշակում է:
Սրանք հարցեր են, որոնք խիստ մտահոգիչ լինելուց բացի՝ հանդիսանում է մեր պետության և մեր՝ որպես բարեկիրթ հասարակության, սպառնալիքներից մեկը:
Izabela Sultanyan