Հայաստանը չունի ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն
11.06.2022
Կայացավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Պաշտոնական մակարդակում նրան ընդունեցին և ճանապարհեցին Ինչպես հարկն է: Տեղի ունեցավ Լավրով-Միրզոյան հանդիպում, որին հաջորդեց երկու երկրների գերատեսչությունների ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը, այնուհետև, Լավրովը հանդիպումներ ունեցավ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Խաչատուրյանի հետ:
Լավրովի այցը, սակայն, միանշանակ չընկալվեց քաղհասարակության և քաղգործիչների կողմից: Դե բնականաբար, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում առավելևս՝ ընդդիմադիր դաշտը բաժանված էր ծայրահեղորեն իրարից տարբերվող երկու մասերի , հետևաբար, մեկնաբանություններն ու մոտեցումները ևս՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասով հիշեցումներից, ողջույնի խոսքերից և եղբայրական խորհուրդներից, մինչև բողոքի ակցիաներ ու նրան ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարելու կոչեր:
Լավրովի ու Միրզոյանի մամուլի ասուլիսին զուգահեռ ԱԳ նախարարության շենքի մոտ հավաքված Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկ ամսից ավելի ցույցեր իրականացնող ընդդիմադիր ուժերից ԱԺ (Հայաստան) դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը Լավրովին ռուսերենով հայ ժողովրդի անունից ողջույնի խոսք կարդաց :
(Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, հայ ժողովուրդը ողջունում է ձեզ Հայաստանում: Բարի գալուստ Երևան). Նա նաև փոխանցեց Լավրովին. (Մենք պետք է փաստենք, որ երկրի իշխանություն հանդիսացող խմբակը միայն պաշտոնապես է հանդիսանում իշխանություն, սակայն նրանք այլևս չեն ներկայացնում հայ ժողովրդի ու Արցախի Հանրապետության շահերը):
(Մենք մեր դաշնակից երկրից ակնկալում ենք բացառապես այն, ինչի մասին պայմանավորվել ենք»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, խորհուրդ տալով Լավրովին՝ չխաբվել Նիկոլի հավաքած քվեներին:
Անդրադառնալով ԱԳ նախարարների ճեպազրույցին՝ Մամիջանյանն ասաց. «Արարատ Միրզոյանը Երևանում՝ ՀՀ մայրաքաղաքում, չհամարձակվեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պատկերացնո՞ւմ եք՝ դրսում ինչ է խոսում»:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ իր ելույթում Լավրովի համար ևս ասաց այն, ինչ արդեն մեկ ամսից ավել կրկնում են Հայաստան ժամանած բոլոր միջազգային պատվիրակությունների համար ոչ միայն. (Չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում),- ասաց նա, ընդգծելով՝ այս կապիտուլյանտի հետ ցանկացած բանակցություն և պայմանավորվածություն առ ոչինչ է:
Լավրովի այցը Երևան ուղեկցվեց նաև բողոքի ակցիայով: Արտախորհրդարանական արևմտամետ ուժերից ԱԺ Բևեռը, որը մի քանի ամիս շարունակ, տասն օրը մեկ Ազատության հրապարակում հակառուսական բովանդակությամբ հավաքներ անցկացնելուց հետո տևական ժամանակ լուռ էր, Լավրովի այցի կապակցությամբ կրկին ակտիվացավ: Ռուսաստանի դեսպանատան դիմաց Բևեռը բողոքի ակցիա իրականացրեց և դատապարտեց Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը, իսկ Լավրովին հայտարարեց անցանկալի անձ:
Առաջին՝ եթե կա մեկը, ում պետք է հայտարարել անցանկալի անձ, դա Նիկոլն է՝ իր խունտայով: Երկրորդ՝ անհրաժեշտ է պայքարել Նիկոլի, ոչ թե օտարերկյա պաշտոնյայի դեմ:
Հայաստանյան իշխանության հետ ամեն ինչ պարզ է վաղուց, իսկ այս մակարդակի ընդդիմության հետ հույսեր կապել, թե կփրկեն Հայաստանին ու հայ ժողովրդին վերջնական կործանումից, առնվազն ինքնախաբեություն կլինի:
Այսօր արդեն չկա հայ ժողովուրդ ու հայ հասարակություն: Այն պառակտված է, բաժանված է մասերի՝ իրար ատող ու անիծող, իրար հայհոյող ու վարկաբեկող և այս ամենը մեծիմասամբ ընդդիմության շնորհիվ: (Ով հայրենասեր է, այստեղ է՝ Ֆրանսիայի հրապարակում):Հակընդեմ խմբից բղավում են. (Ով Ֆրանսիայի հրապարակում է, թալանչիների սպասարկու է): Արևմտամետներն էլ. (Ով գիտակից է մեզ հետ է: Ով մեզ հետ չէ, ռսաստրուկ պուտինամոլներ են):
Այս կերպ հայրենիք դեռ ոչ մեկ չի փրկել, որ այս ընդդիմությունը փրկի: Այս կերպ հնարավոր է միայն զբաղեցնել ժողովրդին կամ ժողովրդի այն հատվածին, որը դեռ հավատում է, որ դեռ հույս ունի, որ դեռ վստահում է կամ ուզում է հավատալ, վստահել ու հուսալ: Իսկ այս մարդիկ, իրենց քայքայիչ ու պառակտիչ գործողություններով միայն թուլացնում են հասարակության իմունիտետը, իսկ մանիպուլյատիվ տարբեր հնարքների կիրառմամբ մարդկանց ստիպում են զգալ մեղավոր, անպիտան, դավաճան, անգրագետ, թալանը պահելու համար պայքարի դուրս եկածների պաշտպան, և այլն: Մինչ դեռ որևէ ուժի հրավերով փողոց դուրս եկած հայ մարդը դուրս է գալիս ի փրկություն հայրենիքի, հույսով, որ այս անգամ գուցե պայքարի առաջնորդներն արդար մղումներով են դուրս եկել փողոց, հույսով, որ այս անգամ կստացվի կասեցնել հայաստանի գահավիժումը: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. գողանում է հուսի վերջին փշրանքը: Այդպես վարվեց Նիկոլը: Ի՞նչ է անում ընդդիմությունը. իրեն վստահողին օգտագործում է որպես գործիք՝ հակառակորդ, բայց էլի ընդդիմադիր ուժի դեմ պայքարելու համար: Այդպես վարվեց Նիկոլը:
Այսպիսով՝ Հայաստանում չկա ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն: Հասարակությունը պառակտված է ու չկա երբեմնի մեկ բռունցք դարձած հայ ժողովուրդը: Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդի բռունցքը բացեց, իսկ ընդդիմությունն էլ ամեն հնարք օգտագործում է, որ մատներից որևէ մեկն իր կողմը ձգի:
Izabela Sultanyan