Բաքուն հասնում է իր առջև դրված նպատակներին
29.05.2022
Ադրբեջանը ինքն է թելադրում բանակցությունների օրակարգը. Բաքուն հասել է կամ հասնում է իր առջև դրված նպատակներին. Ալիև
Մայիսի 22-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից մոտ 1 շաբաթ անց Ալիևը արդեն հայտարարում է, որ Հայաստանը համաձայն է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի առաջ քաշած օրակարգին:
Մայիսի 22-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից մոտ 1 շաբաթ անց Ալիևը արդեն հայտարարում է, որ Հայաստանը համաձայն է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի առաջ քաշած օրակարգին.
Անդրադառնալով Երևանի առաջ քաշած առաջարկին, թե պետք է քննարկել նաև Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու կարգավիճակը, ահա թե ինչ է պատասխանել Ալիևը. «Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն Ադրբեջանում հարմարավետ են ապրում և օգտվում են բոլոր իրավունքներից։ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել և չի լինելու։ Ուստի Ադրբեջանում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները։ Այստեղ հատուկ արտոնություն չկա»: Մի խոսքով՝ (երազանքի երկիր):
Հղում անելով բրյուսելյան հանդիպման մասին ԵԽ նախագահի տարածած հայտարարությանը՝ Ալիևն իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծել է, որ միջազգային կառույցների բառապաշարում Լեռնային Ղարաբաղ եզրույթ չկա. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այդ տարածքն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ուստի միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառը չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը և ինչպես ասում են, գլուխները պատին են տվել, բայց սա է իրականությունը, և պետք է հաշտվել դրա հետ»:
Խոսելով ապագայի մասին՝ Ալիևը ասել է, թե Ադրբեջանը ինքն է թելադրում բանակցությունների օրակարգը, և պնդել, թե Բաքուն հասել է կամ հասնում է իր առջև դրված նպատակներին: Որպես դրա ապացույց Ալիևը նշել է, թե Հայաստանը համաձայնել է սահմանագծման գործընթաց սկսել, և պնդել, թե դրանից հետո Հայաստանը այլևս չի կարող Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսել. - «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Հայաստանը փորձում էր դրանից խուսափել, քանի որ այդ պայմանագիրը նշանակում է միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում: Բայց արդյունքում մենք հասանք դրան, և Ադրբեջանը արդեն որոշել է իր աշխատանքային խմբի կազմը»:
Դե ինչ ելույթ՝ առանց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարությունների:Այս անգամ ևս Ալիևը խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, ու պնդել, թե այդ հարցում էլ Բաքուն արդեն հաջողության է հասել. - «Մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով։ Մենք ենք թելադրում օրակարգը:
Մինչ Ալիևը արձանագրում է դիվանագիտական ճակատում իր հաջողությունները, Հայաստանում իշխանությունը շարունակում է զբաղվել պոպուլիզմով և տնտեսական թվերի արհեստական աճով: Ընդդիմությունն էլ 1 ամիս է "Առանց Նիկոլ Հայաստան" վանկարկելով փողոցներ է փակում՝ հուսալով, որ այդ կերպ ժողովրդին կկոնսոլիդացնի: Սակայն, անարդյունք: Հայաստանն ու Արցախը շարունակում են մնալ վտանգված, անպաշտպան , իսկ ժողովուրդը՝ անտարբեր:
Izabela Sultanyan